logo
image

Things to Do

NATURE & ADVENTURE

Բնությունն ու կենդանական աշխարհը

Բնությունն ու

Բնությունն է կանչում։

Բուսականություն և կենդանական աշխարհ

Թեպետ Հայաստանը փոքր երկիր է, այնուամենայնիվ հարուստ է բնօրինակ բուսատեսակներով ու կենդանական աշխարհով, արգելավայրերով, բնության հուշարձաններով և ազգային պարկերով, որոնք կարող եք բացահայտել և վայելել։

Դեպի Գյումրի տանող ճանապարհին կտեսնեք վայրի կակաչների դաշտեր, իսկ Գառնիի և Ողջաբերդի բնակավայրերի շրջակայքում՝ հիրիկների։

 

Դիլիջանի ազգային պարկում կամ Խոսրովի անտառի պետական արգելոցում կարող եք արշավել, Արմաշի թռչնաբանական տարածքում՝ դիտել տարբեր տեսակի թռչուններ, իսկ Գնիշիկի կիրճում հանդիպել բեզոարյան այծերի և գառնանգղերի։

Քանի որ Հայաստանի տարածքում առկա են բազմազան կլիմայական գոտիներ և լանդշաֆտներ, յուրաքանչյուր շրջանում կբացահայտեք տեղին հատուկ բուսականություն և կենդանական աշխարհ։

Կենդանիներ և թռչուններ

Վայրի բնությունը սահմաններ չի ճանաչում։ Հայաստանում կարելի է հանդիպել գորշ արջերի, մուֆլոնների (լեռնային ոչխար), բեզոարյան այծերի, կովկասյան ընձառյուծների, եղջերուների, կարմրախայտ ձկների, հայկական որորների, սև կռունկների, կովկասյան մարեհավերի և այլ հազվագյուտ կամ վերացման եզրին գտնվող տեսակների։

Դիլիջանի ազգային պարկի կենդանիների բազմացման կենտրոնում կտեսնեք կովկասյան եղջերուներ, Նորավանքի և նրա շրջակայքի ժայռոտ կիրճերում՝ լեռնային այծեր, իսկ Սևանա լճում ու Սևանի թերակղզում՝ հայկական որորներ։

Ապրիլից հունիս և սեպտեմբերից հոկտեմբեր ամիսներին Հայաստանում կարող եք հետևել չվող թռչունների՝ ֆլամինգոների, հավալուսնների, ձկնկուլների, շամփրուկների և խածկտիկների երամներին։ Երկնքում էլ հաճախ կնկատեք թևածող անգղեր, արծիվներ և այլ գիշատիչ թռչուններ։

Վայրի բնությունը բացահայտելու լավագույն վայրերը

Հայաստանի գրեթե բոլոր անկյուններում հնարավոր է հանդիպել բազմազան կենդանիների և թռչունների, սակայն կան որոշակի տարածքներ, որտեղ առավել հաճախ կարող եք տեսնել յուրահատուկ տեսակներ։ Վերցրե՛ք հեռադիտակը և պատրաստվե՛ք բացահայտելու վայրի բնության հրաշքները Արփիի, Արևիկի, Սևանի և Դիլիջանի ազգային պարկերում, Խոսրովի անտառի պետական արգելոցում, Արագած լեռան լանջերում, Արմաշի ձկնաբուծարաններում, Ուրց լեռնաշղթայում և Մեղրի քաղաքի շրջակայքում։

Հայաստանը իդեալական վայր է թե՛ թռչնաբանների, թե՛ վայրի բնության սիրահարների համար։

Drag

Բույսեր և բուսականություն

Թեև Հայաստանի ամբողջ տարածքի ընդամենը 11%-ն է ծածկված անտառներով ու կանաչ տարածքով, այնուամենայնիվ այնտեղ աճում են ծառերի և բույսերի բացառիկ բազմազանություն։ Այստեղ կարող եք տեսնել հաճարենիներ, կաղնիներ, ինչպես նաև բոխու և սոճու ծառեր։ Կհանդիպեք նաև կեների, բաղեղների և հայկական արոսենիների:

Ո՞ւր գնալ

Բույսեր և դեկորատիվ ծառեր կարող եք տեսնել Երևանի Բուսաբանական այգում, Լոռու և Տավուշի՝ Իջևանի Դենդրոպարկերում։

Հայաստանի այգիներում ու զբոսայգիներում կհանդիպեք վայրի հասմիկների և վարդաբույր կլեմատիսների, իսկ բարձր լեռնային գոտիներում՝ ձնծաղիկների ու քրմածաղիկների։

 

Սևան տանող ճանապարհին աչքի է ընկնում դեղին հատապտուղներով բուժիչ բույսը՝ չիչխանը։

Բուժիչ բույսեր կարելի է տեսնել նաև Արա լեռան, Գեղամա և Ծաղկունյաց լեռնաշղթաների լանջերին։ Հայաստանում գտնվելիս անպայման փորձե՛ք թարմ ու բուրավետ խոտաբույսերից՝ ուրցից, երիցուկից կամ դաղձից պատրաստված թեյ։

Բնական հուշարձաններ

Հայաստանի լեռները, մարգագետիններն ու կիրճերը ստեղծում են աննման տեսարաններ, սակայն այստեղ կարելի է այցելել նաև բազմաթիվ բնական հուշարձաններ՝ լճեր, ջրվեժներ, կիրճեր և քարայրներ (որոշ դեպքերում պահանջվում է հատուկ թույլտվություն)։ Օրինակ՝ Վեդիի մոտ կարող եք տեսնել «Հրեշտակի կիրճ»-ը, Արենիում՝ «Թռչունների քարանձավ»-ը, Ենոքավանում՝ «Լաստիվեր»-ը, Լոռիում՝ «Թռչկանի ջրվեժ»-ը, Դսեղում՝ «Ծովեր լիճ»-ը կամ Դիլիջանում՝ «Պարզ լիճ»-ը։

Ստեփանավանում դուք կհիանաք Ձորագետի կիրճի հիասքանչ տեսարանով։ Իսկ ներկայացվածները ընդամենը փոքրիկ օրինակներ են․ Հայաստանում բացահայտելու դեռ շատ վայրեր կան։ Որպեսզի ձեր ճանապարհորդությունը դառնա առավել հիշարժան, նշված տեղանքում կարող եք փորձել նաև բացօթյա արկածներ, որոնցից են ձիավարությունը, թռչունների թռիչքին հետևելն ու վայելելը, ձկնորսությունը, զիփլայնն ու այլ հետաքրքիր զբաղմունքներ։ 

Շտապե՛ք, բնությունն է կանչում․․․