logo
image

Things to Do

LEISURE & MORE

Գիշերային կյանք

Գիշերային

Տարածաշրջանի գիշերային կյանքի թեժ կենտրոնը

Խնջույքներ, համերգներ և էլեկտրոնային երաժշտության փառատոներ

Հայաստանը հիանալի վայր է գիշերային կյանքի սիրահարների համար․ ճաշարանները փակվում են ուշ ժամերին, իսկ բազմաթիվ գիշերային վայրեր բաց են մինչև լուսաբաց։ Այնպես որ, եթե աշխարհի տարբեր անկյուններում աշխույժ ու կենսուրախ գիշերային կյանք եք փնտրում, Հայաստանը դարձրե՛ք ձեր հաջորդ կանգառը։

Արկածախնդիրների համար այստեղ միշտ պատրաստ են հետաքրքիր խնջույքներ ու միջոցառումներ․ ամռանը Սևանի ափին անցկացվող «All White» խրախճանքը, «Ուրվական» երաժշտական փառատոնը և այլ գաղտնի ու գունեղ իրադարձություններ, ինչպես «Sensor Festival»-ը՝ բացօթյա համերգ Արագածի տիեզերական աստղադիտարանի տարածքում, կամ խորհրդային լքված գործարաններում կազմակերպվող գաղտնի ռեյվերը։

 

Եթե ուզում եք ձեր ինստագրամը լցնել անմոռանալի կադրերով ու վառ հիշողություններով, վերցրե՛ք խնջույքի գլխարկն ու մինչև արևածագը մոռացե՛ք տուն վերադառնալու մասին։

 

Զգացե՛ք Հայաստանի կենսուրախ ու վառ ոգին ողջ տարվա ընթացքում։

Ուշ գիշերային ուտեստներից ու նրբաոճ խմիչքներից մինչև կեսգիշերային խնջույքներ, քաղաքի կենտրոնի թեմատիկ երեկույթներ ու երգող շատրվաններ՝ Հայաստանը կզարմացնի ձեզ իր գիշերային կյանքի բազմազանությամբ։

01

Կոկտեյլ-բարեր

Երևանը լի է գողտրիկ և հարմարավետ կոկտեյլ-բարերով, որտեղ ձեզ կառաջարկեն հեղինակային կոկտեյլներ կամ դասական խմիչքների նոր ու հետաքրքիր մեկնաբանություններ։ Քաղաքի գրեթե յուրաքանչյուր փողոցում կարող եք գտնել նման վայրեր․ պարզապես քայլե՛ք և ընտրե՛ք ձեր սիրածը։ Զգուշացնում ենք՝ Հայաստանում անծանոթները շատ արագ դառնում են ընկերներ, իսկ ընկերները՝ ընտանիքի անդամներ։ Հետո չասեք՝ չենք զգուշացրել։

02

Ջազ ակումբներ

Երևանը հպարտանում է իր ջազային աշխույժ մշակույթով։ Քաղաքի տարբեր անկյուններում կարելի է գտնել կենդանի երաժշտությամբ հիանալի վայրեր, որոնք պարզապես սպասում են ձեր այցելությանը։ Վայելե՛ք ջազի ռիթմիկ հնչյունները՝ շաբաթվա մեջ՝ ռոմանտիկ երեկոյի ընթացքում, կամ զվարճացե՛ք ընկերների հետ՝ հանգստյան օրերին։

03

Փառատոներ

Հայաստանում գրեթե յուրաքանչյուր եղանակ հագեցած է տոնակատարություններով, որոնք անխուսափելիորեն վերածվում են գունեղ երեկոների։ «Երևանի գինու օրեր»-ը, «Ալկոհոլային խմիչքների համահայկական փառատոն»-ը և «Արենի գինու փառատոն»-ը միայն մի քանիսն են հայտնի միջոցառումներից, որոնք ուղեկցվում են խմիչքներով, երգերով, նոր ընկերություններով և ողջ գիշեր տևող պարով։

04

Մշակութային միջոցառումներ

Երևանը միշտ աշխույժ ու բազմերանգ է նրանց համար, ովքեր գնահատում են արվեստն ու մշակութային միջոցառումները։ Այստեղ միշտ կարելի է գտնել ինչ-որ հետաքրքիր բան՝ երեկոն գունեղ ու հիշարժան դարձնելու համար՝ օպերա, բալետ, թատրոն, ցուցահանդեսներ, ներկայացումներ և ավելին։ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, կամ պարզապես Օպերան, ինչպես ասում են տեղացիները, մշտապես հյուրընկալում է տեղական և միջազգային արտիստների մատչելի գներով։ Սկսե՛ք ձեր երեկոն դասական ներկայացմամբ և թողեք, որ այն ձեզ առաջնորդի դեպի նոր ու հետաքրքիր տպավորություններ։

05

Երգող շատրվաններ

Եթե խելահեղ երեկույթները ձեր ճաշակով չեն և նախընտրում եք ավելի հանգիստ ու զուսպ ժամանց, կամ ցանկանում եք մի բան, ինչը կհետաքրքրի ընտանիքի բոլոր անդամներին, Երևանի երգող շատրվանները հենց այն է, ինչ պետք է ձեզ։ Թեև քաղաքում կան մի քանի ավելի փոքր շատրվաններ, ամենահայտնին անկասկած Հանրապետության հրապարակում է։ Գրեթե ամեն երեկո այստեղ կարող եք վայելել ջրի և լույսի հրաշալի ներկայացում, որտեղ շատրվանները շարժվում են երաժշտության ռիթմերով։ Այս իրադարձությունը հավաքում է ամբողջ քաղաքը՝ այցելուներին, տեղացիներին, երիտասարդներին, տարեցներին ու ընտանիքներին՝ ստեղծելով հանգիստ ու հարազատ մթնոլորտ։ Հայաստանն, իրոք, կենդանանում է երեկոյան ժամերին։