logo
image

Places to Go

Տեսարժան վայրերի լավագույն տաս

Տեսարժան վայրերի

Հայաստանը, թեև փոքր է, սակայն լի է բացահայտումների հնարավորություններով։

Հայաստանն ունի բազմաթիվ տեսարժան վայրեր։ Ստորև ներկայացնում ենք տասը լավագույնները, որոնք տպավորիչ կլինեն ոչ միայն բնության սիրահարների, այլև պատմությամբ ու մշակույթով հետաքրքրվող այցելուների համար։

Տեսարժան վայրերի լավագույն տասնյակը

1.

Տաթևեր ճոպանուղին և Տաթևի վանքը

2.

Գառնիի տաճարն ու «Քարերի սիմֆոնիան»

3.

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

4.

Արենիի քարանձավը և Վայոց ձորի գինու ճանապարհը

5.

Սևանա լիճ

6.

Դեբեդի կիրճը

7.

Ամբերդի ամրոցը

8.

Զորաց Քարեր՝ Քարահունջ հնավայր

9.

Զվարթնոցի տաճար

10.

Խոր Վիրապ

01

Տաթևեր ճոպանուղին և Տաթևի վանքը

Բացահայտեք Հայաստանի հարավային հատվածը՝ այցելելով Տաթևի վանք՝ տարածաշրջանի ամենաշքեղ տեսարժան վայրերից մեկը։ «Տաթևերը»՝ ամենաերկար ճոպանուղին է իր տեսակի մեջ, որը գործում է երկու ուղղությամբ։ Այն սկիզբ է առնում Հալիձորից, սլանում դեպի Տաթև գյուղ, այնուհետև վեր է խոյանում դեպի Տաթևի հիասքանչ վանական համալիր։ Կառուցված լինելով 10–13-րդ դարերում՝ Տաթևի վանքը եղել է նշանակալի կրոնական և ուսումնագիտական կենտրոն, որտեղ ապրել են շուրջ հազար հոգևորական։ Վանքի գլխավոր եկեղեցին Սուրբ Պողոս-Պետրոս խորհրդավոր տաճարն է, որտեղ կարելի է զգալ պատմության շունչն ու հոգևոր խաղաղությունը, և որտեղ պահպանվում են սուրբ մասունքներ։

Միջնադարում Տաթևի վանքը եղել է հայ ժողովրդի հոգևոր, լուսավորչական և կրթական կարևորագույն կենտրոններից մեկը՝ զբաղեցնելով յուրահատուկ տեղ ազգային պատմության մեջ։

02

Գառնիի տաճարն ու «Քարերի սիմֆոնիան»

Նախաքրիստոնեական շրջանի ճարտարապետությանը, մշակույթին ու հավատալիքների եզակի արտացոլումներին ծանոթանալու համար անպայման այցելեք Գառնիի հեթանոսական տաճարը։ Մ.թ. առաջին դարին թվագրվող այս տաճարը նվիրված է եղել արևի աստված Միհրին։ Այն կառուցված է բարձր ժայռի վրա՝ նայելով դեպի Ազատի գետահովիտն ու Գեղամա լեռնաշղթան։ Եթե ցանկանում եք համատեղել ձեր մշակութային այցը բնության վայելքի հետ, ապա կարող եք ավտոմեքենայով կամ ոտքով իջնել դեպի կիրճ՝ բացահայտելու «Քարերի սիմֆոնիան»։ Այս բնական կոթողը, որը ձևավորվել է հրաբխային ժայթքման արդյունքում և բաղկացած է բազալտե սյուներից, հիշեցնում է հսկայական երգեհոնային գործիք։

Գառնիի տաճարը և «Քարերի սիմֆոնիան» միասին ստեղծում են լիարժեք ու ներդաշնակ տպավորություն։ Մի՛ զրկեք ձեզ այդ փորձառությունը վայելելու հաճույքից։

03

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Հայաստանը աշխարհի առաջին երկիրն էր, որն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն՝ 301 թվականին։ Էջմիածինը հանդիսանում է աշխարհի բոլոր հայերի հոգևոր մշակույթի սրբազան կենտրոնը։ «Էջմիածին» նշանակում է «Միածնի իջման վայրը»։ Ըստ ավանդության՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը՝ հայ ժողովրդի լուսավորիչը և քրիստոնեության հաստատողը մեր երկրում, տեսիլք է ունենում, որտեղ Հիսուս Քրիստոսը երկնքից իջնում է և իր ոսկե մուրճով ցույց է տալիս այն վայրը, որտեղ պետք է կառուցվի Տիրոջ տունը։

Էջմիածին այցելելը խորհուրդ է տրվում հատկապես նրանց, ովքեր ցանկանում են խորապես ճանաչել քրիստոնեության դերն ու հոգևոր արժեքների նշանակությունը հայ ժողովրդի կյանքում։

04

Արենիի քարանձավը և Վայոց ձորի գինու ճանապարհը

Եթե գինու սիրահար եք, ապա խորհուրդ ենք տալիս անպայման այցելել Վայոց ձորի մարզ և հատկապես կանգ առնել Արենի-1 քարանձավում։ Այստեղ կծանոթանաք Հայաստանում գինեգործության ավելի քան 6100 տարվա պատմությանը։ Արենի-1 քարանձավը համարվում է աշխարհի հնագույն գինեգործարանը, քանի որ այստեղ հայտնաբերվել են ոչ միայն գինու հնագույն սեղմարան, խաղողի կորիզներ, կավե ամաններ և խմորման հորեր, այլև՝ աշխարհի ամենահին կաշվե կոշիկը։ Կարող եք այցելել նաև Արենի գյուղի տեղական գինեգործարանները և համտեսել նրանց գինիները, որոնք պատրաստվում են Արենի կոչվող սև, քաղցր և տեղական տեսակի խաղողից։

Գինու հարուստ համերը անկասկած ձեր այցելությունը կդարձնեն անմոռանալի։

05

Սևանա լիճ

Ձեր ճանապարհորդական ծրագրում անպայման ներառեք Սևանա լիճը, որպեսզի վայելեք կապուտաչյա լճի գեղատեսիլ բնությունը։ Իր ծավալի շնորհիվ տեղացիներն այն երբեմն անվանել են նաև «ծով»։ Սևանը համարվում է տարածաշրջանի ամենամեծ բարձրադիր քաղցրահամ լիճը, որը ապահովում է Հայաստանի ձկնորսական արտադրանքի հիմնական մասը։ Լիճը բոլոր կողմերից շրջապատված է լեռներով, ինչի շնորհիվ ձմռանը այստեղ ցուրտ է, իսկ ամռանը՝ փչում է զով, թարմացնող քամի։

Կարող եք կազմակերպել պիկնիկ լճի ափին, կամ վայելել ջրեզրյա ռեստորանների հյուրընկալությունը։

06

Դեբեդի կիրճը

Դեբեդի կիրճը Հայաստանի ամենաշքեղ ու հրապուրիչ վայրերից մեկն է։ Այն ձգվում է Լոռու մարզով անցնող Դեբեդ գետի երկայնքով՝ տարածվելով շուրջ 176 կիլոմետր։ Կիրճի ամենատպավորիչ տեսարանները բացվում են Դսեղ, ինչպես նաև Հաղպատ և Սանահին գյուղերից։ Մեկ այլ հիասքանչ դիտակետ գտնվում է Ալավերդի քաղաքից վեր՝ դեպի Օձուն գյուղ տանող ճանապարհին։

Ճանապարհին կանգ առեք միջնադարյան խաչքարի մոտ և վայելեք Դեբեդի կիրճի կախարդիչ տեսարանը։ Իսկ եթե ուզում եք՝ տեսարանը դառնա ավելի տպավորիչ ու անմոռանալի՝ փորձեք այնտեղ լինել մայրամուտին, տեսնելու լույսերի ու լեռների մոգական համադրությունը։

07

Ամբերդի ամրոցը

Ամբերդը միջնադարյան Հայաստանի պահպանված ամենամեծ ամրոցներից է։ 10-րդ դարից պահպանված այս ամրոցը գտնվում է Արագած լեռան լանջերին՝ եռանկյունաձև ժայռաբեկորի վրա։ Այն կառուցվել է ռազմավարական այնպիսի դիրքում, որն ապահովել է ամրոցի բնական անառիկությունը։ Այստեղից բացվում են տպավորիչ տեսարաններ դեպի Արարատ և Արագած լեռներ, ինչպես նաև դեպի փոքրիկ, բայց պատմական նշանակություն ունեցող Վահրամաշեն եկեղեցին (11-րդ դար), որը վեր է խոյանում կիրճի եզրին։

Ամբերդը տարվա բոլոր եղանակներին հիանալի վայր է գեղեցիկ բնապատկերներ լուսանկարելու համար։

08

Զորաց Քարեր՝ Քարահունջ հնավայր

Եթե ցանկանում եք տեսնել յուրահատույ ու բացառիկ մի հուշարձան, անպայման այցելեք Զորաց Քարեր, որը հայտնի է նաև որպես Քարահունջ ։ Այս հնագիտական վայրում պահպանվել են տասնյակ մենաքարեր, որոնք կանգնեցված են թե՛ առանձին, թե՛ շրջանաձև դասավորվածությամբ։ Դրանցից շուրջ 80-ի վրա առկա են ճշգրիտ և միտումնավոր ձևով բացված եզրային կլոր անցքեր։ Համալիրի նշանակության շուրջ մինչ օրս տարբեր վարկածներ են շրջանառվում․ այն հիմնականում համարվում է նախաքրիստոնեական դամբարանային հուշակոթող, այլ ոչ թե հնագույն աստղադիտարան կամ «հայկական Սթոունհենջ»։

Հնավայրում այսօր էլ շարունակվում են հնագիտական պեղումները, որոնք կօգնեն ամբողջությամբ բացահայտել Զորաց Քարերի առեղծվածային բնույթը։

09

Զվարթնոցի տաճար

Հայաստան տեսարժան վայրերից է 7-րդ դարի պատմական ժառանգություններից մեկը՝ Զվարթնոցի տաճարի ավերակները։ Ըստ ավանդության՝ հենց այս վայրում է Տրդատ թագավորը հանդիպել Գրիգոր Լուսավորչին՝ հայ առաջին կաթողիկոսին, որից հետո էլ դարձել է քրիստոնյա։ Այս ճակատագրական հանդիպումը հետագայում հանգեցրել է թագավորի՝ քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու որոշմանը։ Մոտ երեք դար անց Ներսես Գ կաթողիկոսը նույն տեղում կառուցել է վեհաշուք Զվարթնոց տաճարը։ Ցավոք, այն չի պահպանվել՝ 10-րդ դարում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի պատճառով։

Այդուհանդերձ, մինչև այսօր պահպանված տաճարի ավերակներն էլ վկայում են նրա երբեմնի փառքի ու վեհության մասին՝ Արարատ լեռան ֆոնին զարդարված հեռապատկերում։

10

Խոր Վիրապ

Խոր Վիրապի վանական համալիր այցելելիս մի՛ մոռացեք վերցնել նաև ձեր լուսանկարչական ապարատը․ այստեղից բացվում է Արարատ լեռան ամենահիասքանչ տեսարաններից մեկը։ Մայրաքաղաքից ընդամենը 40 րոպե հեռավորության վրա գտնվող այս վանքը կառուցվել է հին Արտաշատ քաղաքի բարձունքի վրա։ «Խոր Վիրապ» անվանումը նշանակում է «խորը գուբ», որտեղ Գրիգոր Լուսավորիչը բանտարկվել է իր քրիստոնեական հավատը քարոզելու համար։

Այսօր այցելուները կարող են իջնել այդ շուրջ վեց մետր խորությամբ գուբը՝ տեսնելու այն վայրը, որտեղ Լուսավորչը անցկացրել է 13 երկար տարիներ։ Վանքը դարձել է ուխտագնացության վայր՝ ոչ միայն հայ, այլև օտարազգի քրիստոնյաների համար։