logo
image

Ո՞ւր գնալ

Լավագույն քաղաքները

Լավագույն

Հայաստանի յուրաքանչյուր քաղաք ձեզ կտեղափոխի մի ուրիշ աշխարհ։

Բացահայտե՛ք Հայաստանի մշակութային և ճարտարապետական ինքնությունը՝ Երևանի կենսուրախ գիշերային կյանքից մինչև Գյումրիի հիասքանչ մթնոլորտն ու Ստեփանավանի խաղաղ ու հանգիստ երանգները։ Ահա այն քաղաքների ցանկը, որոնք անպայման արժե այցելել։

Լավագույն քաղաքները

1.

Երևան

2.

Գյումրի

3.

Դիլիջան

4.

Ծաղկաձոր

5.

Էջմիածին

6.

Ջերմուկ

7.

Գորիս

8.

Մեղրի

9.

Ստեփանավան

01

Երևան

Մայրաքաղաք Երևանը ավելի քան 2800 տարվա պատմություն ունի՝ նույնիսկ Հռոմից հին է։ Այն հնի ու ժամանակակիցի հիասքանչ համադրություն է՝ բազմաթիվ տեսարժան վայրերով, զբոսանքի համար հաճելի ու հարմարավետ փողոցներով, ինչպես նաև ռեստորանների և սրճարանների մեծ ընտրությամբ։ Կասկադի գեղեցիկ համալիրից մինչև Կոնդի գունեղ ու հին թաղամասը՝ ձեզ կգրավի իր հմայքով և երկար կմնա ձեր հիշողություններում։

Երևանի կենտրոնը Զվարթնոցի միջազգային օդանավակայանից մեքենայով ընդամենը 20 րոպե հեռավորության վրա է։ Օդանավակայանից կարող եք ընտրել տաքսի կամ ավտոբուս (շաթլ)՝ հեշտ ու արագ քաղաքի կենտրոն հասնելու համար։

Իմանալ ավելին

02

Գյումրի

Արվեստի և արհեստների քաղաք Գյումրին ձեր ճանապարհորդության ամենահետաքրքիր կանգառներից մեկը կլինի։ Այս քաղաքը ձեզ կտանի արվեստի և ճարտարապետական հրաշալիքների հիասքանչ աշխարհ։ Պատահական չէ, որ այն համարվում է Հայաստանի մշակութային կենտրոն։ Վայելե՛ք Կումայրիի պատմական թաղամասի սև տուֆից կառուցված շենքերի գեղեցկությունը։ Գյումրիում կան բազմաթիվ թանգարաններ և պատկերասրահներ։ Հատկապես խորհուրդ է տրվում այցելել «Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան»՝ զգալու քաղաքի կոլորիտը և ջերմ մթնոլորտը։ Գետի ափին վայելեք համեղ ուտեստներ, իսկ որպես աղանդեր՝ քաղաքի հայտնի յաղլին ու տեղական բույսերով պատրաստված մի բաժա

Հայաստանի հյուսիս–արևմտյան հատվածում գտնվող Գյումրին հասանելի է գնացքով, տաքսիով կամ հանրային տրանսպորտով։ Ճանապարհի վիճակից կախված՝ ուղևորությունը տևում է 1.5-ից 2.5 ժամ։ Խորհուրդ ենք տալիս ընտրել գնացքը՝ վայելելու ճանապարհի գեղեցիկ տեսարանները և ձեր այցին յուրահատուկ հմայք հաղորդելու համար։

03

Դիլիջան

Մաքուր օդ և հիասքանչ բնապատկերներ որոնող այցելուների համար Դիլիջանը լավագույն ընտրությունն է։ Անտառներով շրջապատված իր դիրքի շնորհիվ այն համարվում է կատարյալ ուղղություն կարճատև հանգստի համար՝ առաջարկելով տպավորիչ տեսարաններ բնության սիրահարներին։ Այցելե՛ք Պարզ լիճ կամ կազմակերպեք քայլարշավ Գոշավանքից դեպի Գոշ լիճ՝ անզուգական արահետով։

Սևանա լճի հիանալի տեսարանների ուղեկցությամբ Դիլիջան կարող եք հասնել ընդամենը 1.5 ժամում՝ հանրային տրանսպորտով կամ տաքսիով։ Դա Հայաստանի ամենատեսարժան քաղաքներից մեկն է, որն անպայման արժե տեսնել։

04

Ծաղկաձոր

Եթե սիրում եք ձմեռային սպորտաձևերը, այցելե՛ք Ծաղկաձոր։ Թեև նրա հիանալի բնությունը կարելի է վայելել տարվա բոլոր եղանակներին, Ծաղկաձորը հատկապես հայտնի է որպես Հայաստանի լեռնադահուկային հանգստավայր։ Սահե՛ք դահուկներով կամ սնոուբորդով Թեղենիս լեռան լանջերին, կամ փորձե՛ք զիփլայն՝ իրական ադրենալին զգալու համար։ Ընթրե՛ք տեղական ճաշարանում՝ վայելելով հայկական խոհանոցի հիանալի համերը։

Մեքենայով Երևանից Ծաղկաձոր կարելի է հասնել ընդամենը 40 րոպեների ընթացքում։ Լավագույն տարբերակը տաքսիով գնալն է։

05

Էջմիածին

Էջմիածինը ոչ միայն բոլոր հայերի գլխավոր հոգևոր կենտրոնն է, այլև ճարտարապետության սիրահարների համար գրավիչ վայր։ Քաղաքի փողոցներով անցնելիս ձեր ուշադրությունը կգրավեն նեոդասական ոճով կառուցված բնակելի շենքերը։ Այցելե՛ք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Սուրբ Հռիփսիմե և Սուրբ Գայանե եկեղեցիներ։ Եթե ցանկանում եք հոգևոր և գեղագիտական բավարարություն ստանալ, Էջմիածինը պարտադիր ներառեք ձեր այցելության ցանկի մեջ։

Երևանին մոտ գտնվող Էջմիածին քաղաք մեքենայով կարելի է հասնել ընդամենը 30 րոպեում։ Կարող եք օգտվել տաքսիներից կամ հանրային տրանսպորտից՝ Կիլիկիա ավտոկայանից։ Ճանապարհին ուշադրություն դարձրեք աջ կողմում գտնվող Մուսա լեռան հերոսամարտի հուշարձանին և ձախ կողմում՝ Զվարթնոցի տաճարին։

06

Ջերմուկ

Ջերմուկը Հայաստանի խոշոր առողջարանային քաղաքներից մեկն է, որը հայտնի է իր հանքային ջրերով։ Այցելե՛ք Արփա գետի կիրճում գտնվող Ջերմուկի ջրվեժը կամ բնական տաք աղբյուրները՝ ջիպերով արշավի ընթացքում։ Ջերմուկում չմոռանաք փորձել սոճու կոնի օշարակը և լեռնային մաստակը։

Երևանից Ջերմուկ մեքենայով կարելի է հասնել մոտ երեք ժամվա ընթացքում։ Եթե ժամանակ ունեք, ճանապարհին անպայման այցելեք նաև Գնդեվանք՝ նրա յուրօրինակ մթնոլորտն և ճարտարապետական հմայքը բացահայտելու համար։ Ջերմուկ այցելելիս կանգ առեք Նորավանքում կամ մասնակցեք գինու համտես Արենիում։

07

Գորիս

Գորիսն իր տպավորիչ գետափնյա հատակագծի շնորհիվ, տարվա բոլոր եղանակներին բազմաթիվ այցելուների է հյուրընկալում։ Այս կենսուրախ քաղաքը հայտնի է յուրօրինակ ճարտարապետությամբ, որն առանձնահատուկ հմայք է պարգևում նրան։ Գորիսի բազմաթիվ տներ 19–20-րդ դարերում կառուցված երկհարկանի շինություններ են՝ գեղեցիկ կամարակապ դռներով և քարե ցանկապատերով։ Հեռվում երևում են նաև հին քարե բուրգեր և քարանձավային բնակավայրեր։

Թեև Երևանից Գորիս հասնելը մոտ 4 ժամվա մեքենայի ճանապարհ է, այն անպայման արժե այցելել։ Ձեր այցելությունը կարող եք համատեղել մոտակայքում գտնվող Տաթևի վանքի և Հին Խնձորեսկի քարանձավներ այցելելու հետ։

Իմանալ ավելին

08

Մեղրի

Չպետք է բաց թողնել Մեղրի այցելելու հնարավորությունը՝ Հայաստանի ամենաքաղցր քաղաքը, որի անունը հենց «մեղր» բառից է առաջացել։ Մեղրիի փողոցներով շրջելիս կտեսնեք բնական ձևով չորացված մրգերի գեղեցիկ վարագույրներ։ Անպայման փորձե՛ք տեղական չորացրած թուզն ու արքայանարինջը։ Այցելե՛ք նաև Մեծ և Փոքր Թաղերում գտնվող եկեղեցիները։ Սուրբ Հովհաննեսի և Սուրբ Աստվածածնի եկեղեցիների ներքին որմնանկարները անպայման արժե տեսնել։

Մեղրին գտնվում է Հայաստանի հարավային հատվածում։ Մեքենայով ճանապարհը ձեզ կպարգևի տպավորիչ բնապատկերներ։ Ճանապարհին կանգառներ արեք՝ հանգստանալու և գեղեցիկ տեսարանները վայելելու համար։

09

Ստեփանավան

Ձորագետի ափին գտնվող Ստեփանավանը փոքրիկ քաղաք է Հայաստանի հյուսիսում, որը իդեալական վայր է կարճ ուղևորության, հանգստի և բնության հաճույքները վայելելու համար։ Ձեզ կհմայեն ալպիական մարգագետիններից խիտ անտառների հարթ անցումները, ինչպես նաև Ձորագետի կիրճի հոգեպարար տեսարանները, որոնք կբացվեն ձեր առջև կամրջից։

Երևանից մեքենայով ընդամենը 2.5 ժամվա ընթացքում կհասնեք այս գեղեցիկ քաղաքը։ Ճանապարհին այցելե՛ք Ամրակից եկեղեցին, Լոռու բերդն ու Դենդրոպարկը։