
Որտեղ մնալ
Անկախ նրանից՝ ուզում եք ձեր հանգիստն անցկացնել բնության գրկում, թե նախընտրում եք շքեղ և հարմարավետ պայմաններ, Հայաստանի հյուրընկալ գիրկը միշտ բաց է ձեզ ընդունելու համար։ Միջազգային հյուրանոցային ցանցերի մեծ մասը գտնվում է երկրի մայրաքաղաք Երևանում, որը նաև առաջարկում է բուտիկ-հյուրանոցների և տարբեր տեսակի հյուրատների մեծ ընտրանի։ Այստեղ կգտնեք բազմաթիվ տարբերակներ՝ ամենատարբեր ճաշակների և նախասիրությունների համար։ Կախված ձեր ցանկությունից՝ կարող եք արթնանալ սպա-առողջարանի հարմարավետ համարում կամ վայելել լեռների վրա բացվող արևածագը։ Հայաստանում հաստատ կգտնեք մի անկյուն, որը կդառնա ձեր տունը։
Հյուրանոցներ
Եթե նախընտրում եք պարզ և հարմարավետ ոճը, Երևանում կգտնեք ձեզ արդեն ծանոթ միջազգային հյուրանոցային ցանցերի բազմաթիվ ներկայացուցիչներ։ Քաղաքում ձեզ կհյուրընկալեն նաև գողտրիկ բուտիկ-հյուրանոցներն ու տեղական հյուրատները։ Իսկ եթե ցանկանում եք գիշերել մայրաքաղաքից դուրս, հիմնականում կհանդիպեք տեղական հյուրանոցների։ Մի՛ անհանգստացեք՝ դրանք, նույնպես, առաջարկում են հիանալի պայմաններ և հայկական հմայք։
Անկախ նրանից՝ մնալու եք Հայաստանի մշակութային մայրաքաղաք Գյումրիում, արդյունաբերական կենտրոն Վանաձորում, թե անտառաշատ Դիլիջանում, Հայաստանի տեղական հյուրանոցները հուսալի ընտրություն են՝ ձեր յուրահատուկ հանգիստը ապահովելու համար։
Ռեզորթներ
Հայաստանի գեղատեսիլ լեռնաշղթաներում կարելի է գտնել բազմաթիվ ռեզորթներ, որոնցում մնալը հնարավորություն կտա վայելել երկրի բնության իրական գեղեցկությունը՝ հյուրանոցային հարմարավետությամբ։ Հայաստանի ռեզորթների մեծ մասը կենտրոնացած է Սևանի ափին, Ծաղկաձորում, առողջարանային Ջերմուկ քաղաքում և անտառաշատ Դիլիջանում։ Կարող եք ընտրել կապուտաչյա Սևանին նայող շքեղ ռեզորթ, ձմռանը հեքիաթային հանգիստ Ծաղկաձորում կամ վերականգնողական հանգրվան Ջերմուկում։
Հյուրատներ
Հյուրատները հնարավորություն են տալիս լիովին զգալ հայկական մշակույթը՝ ապահովելով ոչ միայն քաղցր ու անմոռանալի հանգիստ, այլև անմիջական ու անկաշկանդ մթնոլորտ։ Հայաստանում հյուրատների մեծ ընտրանի կա և՛ քաղաքներում, և՛ գյուղական համայնքներում։ Հյուրատները ճանապարհորդներին առաջարկում են մտերմիկ միջավայր, միևնույն ժամանակ հնարավորություն տալիս ծանոթանալու հայկական մշակույթին։ Շատ հյուրատներ ունեն նաև գաստրոկայաններ, որտեղ տեղացի ընտանիքները հյուրերին հյուրասիրում են տեղում պատրաստված ուտեստներ։ Առաջին տպավորությունը շատ կարևոր է․ հայկական հյուրատները հաստատ ձեզ կգրավեն իրենց մատչելի գներով, ջերմ մթնոլորտով և հայկական համեղ խոհանոցով։ Սա հիանալի տարբերակ է Հայաստանը ավելի մոտիկից բացահայտելու համար։
Վրանային հանգիստ (քեմփինգ)
Ո՞րն է Հայաստանի վեհաշուք բնապատկերները, աղմկոտ գետերն ու լեռնային տեսարանները վայելելու լավագույն տարբերակը։ Իհարկե՝ նրա վայրի բնության գրկում ապրելը։ Հայաստանում վրանային հանգստի՝ քեմփինգի բազմաթիվ վայրեր կան, որոնք սփռված են ամբողջ երկրի տարածքում։ Պատահական չէ, որ դրանց մեծ մասը գտնվում է Տավուշի մարզում, քանի որ այդ տարածքը հարուստ է ընդարձակ լեռներով և զմրուխտե անտառներով։ Սակայն քեմփինգի վայրեր կարող եք գտնել ողջ Հայաստանում՝ ներառյալ Խուստուփ լեռան տարածքում, Վայոց ձորում և Սևանա լճի մերձակա տարածքներում։ Իսկ արկածախնդիր ճանապարհորդների համար հրաշալի նորություն կա՝ վայրի քեմփինգը (հատուկ նախատեսված վայրերից դուրս վրան խփելը) թույլատրված է Հայաստանի ցանկացած անկյունում։ Եկե՛ք Հայաստան և արձագանքե՛ք բնության կանչին։
Գլեմփինգ
Ուզո՞ւմ եք վայելել Հայաստանի շլացուցիչ բնապատկերները՝ չզրկվելով ժամանակակից հարմարավետությունից։ Բարեբախտաբար, այս հիասքանչ երկրում հասանելի են նաև գլեմփինգի տարբերակներ։ Գլեմփինգը բնության հետ միաձուլված հանգստի և հյուրանոցային հարմարավետության իդեալական համադրությունն է։ Այն առաջարկում է վրանային քեմփինգի զգացողություն՝ համալրված բոլոր անհրաժեշտ հարմարություններով ու սպասարկմամբ։ Սենյակները սովորաբար տաղավարային վրաններով են ծածկված՝ ապահովելով ընդարձակ տարածք, ժամանակակից հարմարություններ և տեղում մատուցվող ծառայություններ։ Հայաստանի գլեմփինգ վայրերը հիմնականում տեղակայված են հեռավոր ու առանձնացած վայրերում՝ խորը կիրճերում և ընդարձակ լեռներում։ Նման տեղեր կգտնեք Լոռու և Տավուշի մարզերում։ Գլեմփինգը հիանալի ընտրություն է նրանց համար, ովքեր գնահատում են բնության և քաղաքակրթության ներդաշնակ համադրությունը։