logo
image

Things to Do

ART & CULTURE

Հայկական ճարտարապետություն

Հայկական

Հայկական ճարտարապետության առեղծվածը

Հայկական ճարտարապետությունն անցել է դարերի փորձության ուղին՝ շարունակ վերափոխվելով և հարստանալով։ Բավական է զբոսնել Երևանի փողոցներում, այցելել Գյումրի կամ Հայաստանի ցանկացած այլ վայր այս երկրի յուրահատուկ ճարտարապետական լուծումները և մշակութային անկրկնելի մթնոլորտը զգալու համար։

Հայկական ճարտարապետությունը՝ անցյալից մինչև մեր օրերը

Հայաստանում դիտելու, ուսումնասիրելու և հիանալու շատ բան կա՝ ժամանակակից նախագծերից մինչև խորհրդային շրջանի շինություններ, 19-րդ դարի բնակելի տներից մինչև միջնադարյան եկեղեցիներ, նույնիսկ՝ նախաքրիստոնեական և ուրարտական կառույցներ։

Հայկական ճարտարապետության արմատներին ծանոթանալու լավագույն վայրը Էրեբունու բերդն է։ Այստեղ անմիջապես կնկատեք Ուրարտական ճարտարապետությանը բնորոշ՝ հսկա քարերով կառուցված բերդի պատերը, ինչպես նաև բնակելի, պաշտամունքային ու օժանդակ շինությունները։

 

Հեթանոսական ժամանակաշրջանում հայկական ճարտարապետությունը վերելք ապրեց։ Այդ շրջանի լավագույն օրինակներից է Գառնու ամրոցը՝ իր հեթանոսական տաճարով։ Նախաքրիստոնեական շրջանի եզակի նմուշներ կարելի է տեսնել նաև Երևանի սրտում գտնվող Հայաստանի պատմության թանգարանում։

Միջնադարյան բերդերի ու եկեղեցիների ճարտարապետությունը

Հայկական ճարտարապետությունը շարունակեց զարգանալ նաև հետագա դարերում։ Հայաստան ճանապարհորդելիս անպայման այցելե՛ք եկեղեցիները, բերդերն ու վանական համալիրները։ Դրանք լավագույնս արտացոլում են միջնադարյան ճարտարապետության ոճերի ձևավորումն ու զարգացումը։

Այս կառույցներից են Արագածոտնի Ամբերդը, Կոտայքի Բջնիի ամրոցը և Վայոց ձորի Սմբատաբերդը։ Ճարտարապետական ոճերը, դարերի ընթացքում վերափոխվելով՝ դահլիճատիպ կառույցներից անցում են կատարել խաչաձև գմբեթավոր եկեղեցիների, որոնք աստիճանաբար դարձել են ավելի մանրամասն մշակված և հարդարված։ Եթե այցելեք Հառիճավանք, Մարմաշենի վանք կամ Ամբերդ ամրոց, կնկատեք կամարների հստակ գծագրությունը և ճոխ հարդարանքն ու զարդաքանդակները։

 

Տաթևի և Նորավանքի վանքերը անջնջելի տպավորություն կթողնեն իրենց յուրօրինակ ճարտարապետական լուծումներով, ինքնատիպ զարդաքանդակներով և բացառիկ  ձևավորումներով։ Հաղպատի, Սանահինի և Ախթալայի վանքերը միջնադարյան եկեղեցաշինության անցումային փուլերի լավագույն օրինակներից են։ Չմոռանա՛ք այս վայրերը ավելացնել ձեր այցելությունների ցանկում։

Drag

Խորհրդային շրջանի ճարտարապետական դրսևորումները

Խորհրդային ոճի ճարտարապետությունն առանձնանում է պարզությամբ ու գործնականությամբ։ Հայ ճարտարապետները միջնադարյան ու դասական ճարտարապետությունից վերցրել են առանձին տարրեր՝ դրանք համադրելով արդյունաբերական և բնակելի շինությունների նախագծման մեջ։

Երևանում հատկապես նկատելի է տուֆ քարի լայն կիրառումը, ինչի շնորհիվ քաղաքը հաճախ անվանում են «վարդագույն քաղաք»։

Խորհրդային շրջանի ճարտարապետության լավագույն օրինակներից են Երևանի Կասկադ համալիրը և Օպերայի ու բալետի ազգային թատրոնի շենքը։ Կասկադի ճանապարհի սկզբում ձեզ կդիմավորի նշանավոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի արձանը՝ Երևանի հատակագիծը ձեռքին։ Չմոռանա՛ք նրան ողջունել։

 

Խորհրդային ճարտարապետությանը բնորոշ լուծումներ կարող եք տեսնել նաև Հայաստանի այլ բնակավայրերում։ Գյումրիի Երկաթե շատրվանը իր ինքնատիպ և առանձնահատուկ ոճով անպայման կգրավի ձեր ուշադրությունը։ Մեկ այլ ուշագրավ օրինակ է Սևանի թերակղզում գտնվող Գրողների միության շենքը, որը կարող եք տեսնել Սևանա լիճ այցելելիս։

Արդի ճարտարապետության վերելքը Հայաստանում

Ժամանակակից ճարտարապետությունն այլևս սահմաններ չի ճանաչում, և հայ ճարտարապետները կարողանում են կյանքի կոչել նույնիսկ ամենահամարձակ գաղափարները։

Արդի հայկական ճարտարապետությունը միաժամանակ առաջ է մղում համաշխարհային միտումները և պահպանում ազգային ինքնատիպությունը։

 

Այցելե՛ք Դիլիջանում գործող UWC (Միացյալ համաշխարհային քոլեջներ) միջազգային դպրոցի համալիրը կամ Դսեղ գյուղում գտնվող ՔՈԱՖ Սմարթ կենտրոնը և տեսեք՝ ինչպես են նորագույն ճարտարապետական լուծումները ներդաշնակորեն միաձուլվում շրջակա բնությանը։

 

Բավական է պարզապես զբոսնել Երևանի փողոցներով՝ նկատելու, թե ինչպես է ժամանակակից ճարտարապետական ոճը հայտնվում նաև բնակելի և առևտրային շինություններում։ Թեև սա ընդամենը մի քանի օրինակ է, սակայն արդեն իսկ ակնհայտ է՝ Հայաստանում նորը, հինը և բնականը կարող են ներդաշնակորեն գոյակցել։