
Պիկնիկ Սաղմոսավանքի կիրճում
Երևանից ընդամենը 45 րոպե հեռավորության վրա գտնվող Սաղմոսավանքի կիրճը իդեալական վայր է պիկնիկ կազմակերպելու համար։ Վերցրե՛ք թարմ լավաշ, բաստուրմա, լոլիկ, վարունգ, ապխտած թել պանիր և հայկական կոնյակ՝ վայելքը լիարժեք դարձնելու համար։ Նստե՛ք ու պարզապես հիացե՛ք շրջապատի աչք շոյող տեսարանով։
Աստղադիտում աշխարհի ամենահին աստղադիտարանում
Կեսօրն անցկացրե՛ք Զորաց քարերում (Քարահունջում)՝ ուսումնասիրելով այս հրաշալի կառույցներն ու դրանց նուրբ քանդակազարդումները, ապա փռե՛ք ծածկոցը, նայե՛ք աստղերին և թույլ տվեք՝ մտքերը թևածեն։ Հայաստանի հարավում գտնվող այս հիասքանչ անկյունը Երևանից ընդամենը 4 ժամվա ճանապարհ է, որն անպայման արժե տեսնել։
Լուսանկարվե՛ք հայկական ազգային տարազով
Հայաստանում, հատկապես Երևանում և Գյումրիում, գործում են բազմաթիվ լուսանկարչական ավանդական արհեստանոցներ (ատելյեներ), որտեղ կարող եք կրել հայկական ազգային տարազը՝ ձևավորված հայկական դաշույններով և գլխազարդերով։ Սա կարող է լինել ձեր ամանորյա բացիկի լավագույն տարբերակը։
Ինչ-որ մեկը հարցրե՞ց ավանդական մրգային օղու մասին։
Եթե երբևէ «օղի» չեք փորձել, արդյո՞ք կյանքը լիարժեք վայելել եք։ Հայկական «Eau de vie» օղին պատրաստվում է տարբեր մրգերի թորվածքով։ Ավանդական տարբերակով այն ստացվում էր միայն թթից ու ծիրանից, սակայն այսօր ցանկն ընդլայնվել է՝ դեղձ, տանձ, խնձոր և բազմաթիվ այլ մրգեր։ Զգուշացնում ենք՝ այն ուժեղ խմիչք է։
Տաթևեր — աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղին, որը շարժվում է առանց կանգառի
«Տաթևեր»-ը ձգվում է 5.7 կմ (3.5 մղոն) երկարությամբ Հալիձոր գյուղից մինչև միջնադարյան հայտնի կրոնական և կրթական կենտրոններից մեկի՝ Տաթևի վանքը։
Ավիաճոպանուղին գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղի, որը շարժվում է առանց կանգառի։ Բայց սա այս եզակի կառույցի միակ տպավորիչ առանձնահատկությունը չէ․
- Ճոպանուղին սլանում է Որոտան կիրճի վրայով՝ ձեր դեմ բացելով հիասքանչ տեսարան դեպի վանական համալիր, որը բարձրացած է հսկայական հարթակի վրա՝ կիրճի գեղատեսիլ եզրին։
- 2021 թվականին «Տաթևեր»-ը ստացել է World Travel Award-ի «Աշխարհի լավագույն ճոպանուղի» անվանակարգի միջազգային մրցանակ։
- «Տաթևեր»-ը ոչ առևտրային նախագիծ է, որից ստացված ողջ շահույթն ուղղվում է Տաթևի վանքի վերականգնման նախաձեռնությանը և Տաթևի վերածննդի ծրագրի շրջանակում՝ տարածաշրջանի զարգացմանը։
- Յուրաքանչյուր տարի «Տաթևեր»-ի մերձակայքում կազմակերպվում են հետաքրքիր միջոցառումներ ու փառատոներ՝ ներկայացնելով տեղի մշակույթն ու ավանդույթները, որոնցից են՝ ոչխարների խուզման փառատոնը, արհեստների և արվեստի ցուցահանդեսներն ու երաժշտական փառատոներ։
- Որոտանի կիրճի լքված գյուղերը բացահայտելու համար առաջարկվում են հիասքանչ ու արկածային ջիպ-տուրեր։
- «Տաթևերի» մոտ գտնվող ռեստորանում հնարավոր է վայելել հայկական խոհանոցի իրական համերն ու հավատարմորեն պահպանված ավանդական բաղադրատոմսերը։ Միջերկրական և եվրոպական խոհանոցների սիրահարները, նույնպես կարող են իրենց քիմքին համապատասխան ուտեստներ գտնել այստեղ։
Լրացուցիչ տեղեկությունների, ծառայությունների, աշխատանքային ժամերի և հարակից տեսարժան վայրերի մասին տեղեկություններ ստանալու համար, այցելե՛ք կայքը։ www.tatever.am
Բացահայտե՛ք Լոռու «Թաքնված վանքը»
Լոռու մարզը իսկական կանաչ դրախտ է ոտքով զբոսնելու սիրահարների համար։ Եթե մի փոքր երկար քայլեք, կարող եք հասնել հիասքանչ Հնեվանքին, որը թաքնված է լեռների խորքում և հասանելի է միայն ամենակրքոտ արշավորդներին։ Հետևե՛ք նշված արահետների ցուցանակներին և վայելե՛ք Արևածագի կիրճի կախարդիչ տեսարանը։
Սովորե՛ք գորգագործության հին արվեստը
Հայկական գորգերը աշխարհում հայտնի են իրենց գեղեցկությամբ։ Ի դեպ, աշխարհում հայտնաբերված ամենահին գորգը, որ գտնվել է Ալթայի լեռներում, ծագումով հայկական է և թվագրվում է մ.թ.ա. 5-րդ դարով։ Դուք նույնպես կարող եք մասնակցել այս ավանդույթին՝ այցելելով գորգագործության դասընթացի և ստեղծելով ձեր յուրօրինակ գլուխգործոցը Սյունիքում, Տավուշում կամ Երևանում։
Վայելե՛ք Արարատ լեռան տեսարանը Կասկադից
Կասկադն իր գեղեցկությամբ ձեզ կհիացնի օրվա ցանկացած ժամին, սակայն եթե ամառային առավոտյան՝ ժամը 6-ին այնտեղ լինեք, երբ քաղաքը նիրհում է խաղաղ և մարդ չկա փողոցներում, կդիմավորեք արևածագը և կտեսնեք Արարատ լեռան վրա շողացող լույսի առաջին փայլերը։ Ինչպիսի՜ հիասքանչ մեկնարկ գեղեցիկ օրն սկսելու համար։
Մասնակցե՛ք գինու տուրին
Երևանից ընդամենը 30 րոպե դեպի Արագածոտն և ձեր առջև կբացվի Տոսկանային բնորոշ խաղողի այգիների գեղեցիկ տեսարան։ Այստեղ կհանդիպեք բազմաթիվ ընտանեկան տնտեսության խաղողի այգիների, որտեղ կարող եք փորձել համեղ գինիներ, որոնք, անշուշտ, ուղեկցվում են թարմ գյուղական ուտեստներով։ Սա գինու սիրահարների համար պարտադիր այցելություն է։ Մի՛ մոռացեք մեկ-երկու շիշ էլ գնել ձեզ հետ տուն տանելու համար։ Հաստատ չեք զղջա։
Հանգստացե՛ք շքեղ պայմաններում (և, իհարկե, շատ մատչելի գներով)
Երևանից ընդամենը 2 ժամ ճանապարհ՝ և կհայտնվեք Հայաստանի սպա-առողջարանային գեղեցիկ քաղաքում՝ Ջերմուկում։ Սա բնության իսկական գանձ է՝ տաք ջրերի աղբյուրներով, ջրվեժներով և խաղաղ բնապատկերներով։ Գրեթե յուրաքանչյուր հյուրանոց ունի իր հեղինակային խմիչքը, այնպես որ անպայման հարցրե՛ք դրա մասին, մինչ վայելում եք տաք լողավազանները, ջակուզիները կամ սաունաները։ Եթե այցելեք սեզոնից դուրս, կարող եք օգտվել հիանալի առաջարկներից և լիովին վայելել ձեր հանգիստը։