logo
image

Ի՞նչ անել

ԱՐՎԵՍՏ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹ

Նախաքրիստոնեական ժառանգություն

Նախաքրիստոնեական

Հայաստանի անտիկ շրջանը

Նախաքրիստոնեական մշակութային ժառանգությունը

Նախաքրիստոնեական դարաշրջանի բացառիկ հուշարձաններն ու պատմական արձանագրությունները վկայում են, որ հեթանոսական հավատքը բուռն ծաղկում է ապրել Հայաստանում։ Ձեր ուղևորության ընթացքում այցելե՛ք այն վայրերը, որտեղ կարելի է բացահայտել հին հայկական նախաքրիստոնեական մշակույթն ու ավանդույթները։

Ազատի կիրճի եզերքին վեր խոյացող Գառնու հեթանոսական տաճարը նախաքրիստոնեական Հայաստանի մշակութային ժառանգության եզակի օրինակ է։ Այն կառուցվել է մ.թ. առաջին դարում և նվիրված է արևի աստված Միհրին։ Տաճարը դասական ճարտարապետական ոճի վառ դրսևորում է և հրաշալի վայր է թե՛ թեմատիկ, թե՛ պարզապես գեղեցիկ լուսանկարների համար։ Գառնիում գտնվելիս մի՛ հապաղեք բարձրանալ տաճարի աստիճաններով և լուսանկարվել՝ շքեղ քանդակազարդ սյուների ու առաստաղի ֆոնին։

Հայաստանի նախաքրիստոնեական կրոնին ավելի մանրամասն ծանոթանալու համար անպայման այցելեք Հայաստանի պատմության թանգարան և ուսումնասիրեք հելլենական շրջանը։ Այստեղ ներկայացված են այդ ժամանակաշրջանի բացառիկ ցուցանմուշներ՝ զարդերից մինչև պարագաներ, մետաղադրամներից մինչև խեցեղեն, մարմարե արձանիկներից մինչև քանդակներ։

Հնագիտական պեղումները հին Արտաշատ քաղաքում շարունակվում են համալրել հայերի նախաքրիստոնեական ժառանգությունը՝ նոր արժեք ավելացնելով թանգարանի ցուցադրություններին։

Հեթանոսական դիցարանը և հայկական հին տոները

Հայաստանի նախաքրիստոնեական կրոնը աչքի է ընկնում աստվածների և աստվածուհիների գունեղ ու կենսախինդ կերպարներով, որոնցից յուրաքանչյուրը կապված է եղել տարբեր աստվածությունների կամ բնական երևույթների պաշտամունքի հետ։ Հայաստան այցելելիս կարող եք մասնակցել մի շարք տոնակատարությունների, որոնք խոր արմատներ ունեն նախաքրիստոնեական հավատքի մեջ։

01․ Վարդավառը և Աստղիկ աստվածուհին

Աստղիկը հայոց դիցարանի սիրո և գեղեցկության աստվածուհին էր։

Վարդավառի տոնակատարությունը, ներառյալ միմյանց վրա ջուր ցողելու ավանդույթը սերտորեն առնչվում են Աստղիկի և նրա գեղեցկության մասին պատմվող լեգենդների հետ։ Չնայած քրիստոնեություն ընդունելուց հետո Վարդավառի իմաստը փոխվեց ու կրոնական բնույթ ստացավ, այնուամենայնիվ ժողովուրդը շարունակում է այն նշել այնպես, ինչպես նախաքրիստոնեական ժամանակներում։

02․ Վահագնի ծնունդը

Պատերազմի և հրի աստված Վահագնը նույնպես պաշտամունքի առարկա էր Հայաստանի նախաքրիստոնեական շրջանում։

Մինչ օրս հեթանոս հայերը նշում են Վահագն աստծո ծննդյան օրը՝ երգերով ու պարերով, ջահեր վառելով, իսկ հնագույն ժամանակներում նաև կենդանիների զոհաբերությամբ։ Թեև տոնակատարության վայրը մշտական չէ, սակայն մարտի 21-ին՝ Վահագնի ծննդյան տոնակատարությունների ընթացքում, Գառնիի տաճար այցելելը կդառնա տպավորիչ ու անմոռանալի փորձառություն։

03․ Անահիտ աստվածուհին

Հեթանոսական շրջանի մեծագույն դիցուհին Անահիտն է՝ պտղաբերության, մայրության և իմաստության աստվածուհին։

Հին Հայաստանի ողջ տարածքում սփռված Անահիտ դիցուհուն նվիրված տաճարները վկայում են նրա պաշտամունքի լայն տարածման մասին։ Խաղողօրհնեքի տոնը նույնպես իր արմատներով կապված է Անահիտ աստվածամոր պաշտամունքին․ մարդիկ հավատում էին, որ նրա օրհնությամբ և բարությամբ տարին կլինի պտղաբեր ու արգասավոր։