logo
image

About Armenia

Տեխնոլոգիական նորարարություններ

Տեխնոլոգիական

Տեխնոլոգիական կենտրոն

2020 թվականին Forbes-ը Հայաստանն անվանեց աշխարհի հաջորդ տեխնոլոգիական կենտրոնը։

 «Սիլիկոնե լեռ» մականունը ստացած Հայաստանը վերջին տարիներին վերածվել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի բուռն զարգացող հարթակի, որը նախկին խորհրդային տարածքում արագորեն ձեռք է բերում բացառիկ մասնագիտացված կենտրոնի հեղինակություն։

 

ՏՏ ոլորտը, ծրագրային ապահովման մշակումը և բարձր տեխնոլոգիաների սթարթափները տեխնոլոգիապես ծաղկող երկրի հիմնասյուներն են։

ՔՈԱՖ

«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը (COAF) նպատակ ունի Հայաստանի մարզերում և գյուղերում ստեղծել այնպիսի առաջադեմ հնարավորություններ, որոնք սովորաբար հասանելի են միայն մեծ քաղաքներում։

Այս շահույթ չհետապնդող կազմակերպությունը գործում է 2003 թվականից։ COAF SMART կենտրոնը 2300 քմ մակերեսով նորագույն կրթական կենտրոն է, որը 27 համայնքում ապահովում է ավելի քան 2000 աշակերտների մասնակցությունը՝ 19 կրթական ծրագրերի՝ ներառյալ ինժեներության, մարքեթինգի, օտար լեզուների, յոգաի և պարարվեստի ոլորտներում։

 

COAF SMART կենտրոնը այլընտրանքային կրթական հարթակ է, որի ուսումնական ծրագիրը նպատակ ունի ապահովել գյուղական համայնքների երեխաների բազմակողմանի զարգացումը։ Ծրագիրը շեշտադրում է նորարարական ուսուցման եղանակները՝ ներառելով նախագծային և գործնական ուսուցում։

Ավարտելով ծրագրերը՝ սովորողները ստանում են «SMART քաղաքացի» կոչումը։ COAF-ն իր հերթին գյուղական դպրոցներում ստեղծել է SMART սենյակներ, որոնք հանդիսանում են որպես նորարարության ինկուբատորներ։

FAST հիմնադրամ

«Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ»-ը (FAST) նպատակ ունի մինչև 2041 թվականը Հայաստանը վերածել գիտատեխնիկական և նորարարությունների զարգացման երկրի։

Հիմնադրամի հիմնական նպատակների հիմքում ընկած են գիտական հայտնագործությունների խթանումը, նորարարությունների զարգացումը և գյուտարարության խրախուսումը։ FAST-ի ծրագրերը կոչված են նպաստելու Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների առաջխաղացմանը՝ որպես համակցված էկոհամակարգի, որը կառուցված է երեք հիմնական հենասյուների վրա՝ կրթություն, հետազոտություն և առևտրայնացում։

 

FAST-ը պատրաստել է ավելի քան 200 ձեռնարկատերերի և ներդրողների, ֆինանսավորել է 200-ից ավելի հետազոտողների, ինկուբացրել է ավելի քան 35 սթարաթափ, աջակցել է 21 միջազգային դրամաշնորհային հետազոտական նախագծի իրականացմանը և այլն։

ԹՈՒՄՈ

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը արագորեն նվաճեց միջազգային ճանաչում՝ որպես Հայաստանի ամենաազդեցիկ «փափուկ ուժի» գործիքներից մեկը։ Այն շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որն արտադասարանային ծրագրերի ձևաչափով անվճար կրթություն է տալիս պատանիներին՝ տեխնոլոգիաների, դիզայնի, ինժեներության և արվեստի ոլորտներում։

Առաջին ԹՈՒՄՈ կենտրոնը բացվել է Երևանում 2011 թվականին։ 2019-ից ԹՈՒՄՈ-ն մեկնարկեց TUMO Box նախագիծը․ այն շարժական, տեխնիկապես հագեցած մինի-կենտրոն է, որը կարելի է տեղադրել ցանկացած քաղաքում կամ գյուղում՝ տեղացի երիտասարդների համար ինքնուսուցման հարթակ դառնալու նպատակով։ TUMO Box-երը տարածված են Հայաստանի տարբեր գյուղական համայնքներում։ ԹՈՒՄՈ կենտրոններ բացվել են նաև մի շարք միջազգային խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Բեռլինում, Փարիզում, Մոսկվայում, Բեյրութում և Ցյուրիխում։ Նոր կենտրոնների բացումը արտասահմանում շարունակվում է՝ որպես Հայաստանի նվեր աշխարհին։

Արմաթ լաբորատորիաներ

«Արմաթ ինժեներական լաբորատորիաները» շահույթ չհետապնդող ծրագիր է, որը 10-ից 18-ը տարեկան երեխաներին ծանոթացնում է բնագիտության, տեխնոլոգիաների, ինժեներության և մաթեմատիկայի (STEM) ոլորտներին։

Այստեղ առանձնահատուկ ուշադրություն է դարձվում ռոբոտաշինությանը, դրոնների տեխնիկաներին և այլ բարձր տեխնոլոգիաներին՝ խթանելով երեխաների հետաքրքրությունը և նրանց որպես ապագա մտածողների, գիտնականների և Նոբելյան մրցանակակիրների ձևավորմանը։

Ռոբին ռոբոտը

Ռոբինը արհեստական բանականությամբ աշխատող «ընկեր» է, որը նախատեսված է հիվանդանոցներում և կլինիկաներում երեխաների տագնապն ու միայնության զգացումը մեղմելու համար։

Այս պահին Ռոբինը գործում է 15 տարբեր բժշկական կենտրոններում, ներառյալ հիվանդանոցներում և ատամնաբուժական կլինիկաներում, և արդեն աշխատել է ավելի քան 5000 երեխայի հետ։ Ռոբին ռոբոտը կարեկից և ջերմ «ընկեր» է, որը նոր իմաստ է հաղորդում հիվանդասենյակի խնամքի մշակույթին։

 

Թայմ ամսագիրը Ռոբին ռոբոտին ներառել է 2021 թվականի լավագույն գյուտերի ցանկում։ Ռոբինի ստեղծողն ու «հպարտ ծնողը»՝ ձեռնարկատեր Կարեն Խաչիկյանն ասում է․ «Նպատակը այնպիսի տեխնոլոգիա ստեղծելն էր, որը պարզապես սարք չէ, այլ՝ հոգատար ընկեր»։ Ռոբինը նման է իրական կյանքում մարմնավորված Փիքսարի կերպարի։ Այն կարողանում է ճանաչել երեխայի հույզերը և արձագանքել դրանց՝ օգտագործելով հիշողության մեջ պահպանված տեղեկությունը, անգամ բժշկական ընթացակարգերը բացատրում է պարզ ու մատչելի լեզվով։

Հայաստանի «Unicorns» ընկերությունները

Հայաստանում սթարթափ մշակույթը աննախադեպ արագությամբ է զարգանում։ PicsArt-ը, ServiceTitan-ը, Krisp-ը, SADA-ն, Scylla-ն և այլ ընկերությունները ոչ միայն ընդլայնվում են գլոբալ շուկաներում, այլև Հայաստանում ստեղծում են իրենց «Google-անման» ժամանակակից գրասենյակներն ու աշխատանքի նոր մշակույթը՝ դարձնելով հայկական քաղաքները ավելի գրավիչ՝ երիտասարդ ձեռնարկատերերի և նորարարների համար։

Նոր սերնդի հիմնադիրներին, նորարարներին, գլոբալ փոփոխություններ իրականացնողներին և ապագա առաջնորդներին կարող եք տեսնել Գյումրիի փողոցներով քայլելիս, Երևանում սուրճ խմելիս ու նոթբուքով նամակներին պատասխանելիս, կամ Գորիսում թիմային հանգստի ընթացքում։

 

Հայաստանում շռնդալից եռանդ կա. ըստ 2022 թվականի տվյալների, Հայաստանը տարածաշրջանում զբաղեցնում է առաջին, իսկ աշխարհի Global Startup Ecosystem Index-ում՝ 60-րդ հորիզոնականները։