logo
image

Things to Do

CULINARY SCENE

Սրճարաններ, ճաշարաններ և բարեր

Սրճարաններ,

Սրճարանային մշակույթ

Հայաստանը հայտնի է իր աշխույժ սրճարանային մշակույթով։

Հայաստանում զարգացող ՏՏ-ի, բարձր տեխնոլոգիաների և սթարթափի մշակույթը, որը երբեմն անվանում են «Սիլիկոնե լեռ», ներդաշնակորեն համատեղվում է ժամանակակից սրճարանների հետ։ Այստեղ հաճախ կտեսնեք տեխնոլոգիաներին տիրապետող երիտասարդների, ովքեր աշխատում են իրենց նոթբուքներով, կամ պարզապես ընկերների հետ մի գավաթ համով էսպրեսո են վայելում։

Երևանը հայտնի է իր բազմաթիվ սրճարաններով, իսկ հատկապես Կասկադ համալիրի և Հին քաղաքի տարածքները առանձնանում են դրանց մեծ բազմազանությամբ։ Երևանում երբեք չեք հասցնի ձանձրանալ։

 

Նախաճաշ

Հայկական նախաճաշը յուրահատուկ է յուրաքանչյուր գյուղում և մարզում։

Շատերը կհամաձայնվեն, որ այն պարզապես անհնար է պատկերացնել առանց թարմ գյուղական ձվերի, թոնիրից հանված տաք լավաշի, վարունգի ու լոլիկի, ոչխարի կամ այծի պանրի, չորացրած մսամթերքների, օրինակ՝ բաստուրմայի, մեղրի և բազմազան մուրաբաների, որոնք կարելի է վայելել թեյի կամ սուրճի հետ։

Երևանում և այլ մեծ քաղաքներում հեշտությամբ կարող եք գտնել անգլիական կամ կոնտինենտալ նախաճաշ, կամ պարզապես՝ հալեցված պանիր ու թարմ բեյգըլ... Բայց ոչինչ չի համեմատվի, գրեթե բոլոր սրճարաններում մատուցվող, թարմ տեղական նախաճաշի հետ։

Բարձրակարգ ճաշատեսակներ

Յուրօրինակ մոտեցում

Բարձրակարգ խոհանոցի սիրահարները հաստատ կցանկանան Հայաստանը ներառել իրենց «երազանքների ցանկում», քանի որ վերջին տարիներին գաստրոնոմիական դաշտը խոշոր վերածնունդ է ապրել այստեղ։

 

Երևանի և այլ քաղաքների ճաշարաններն ու խոհանոցները յուրօրինակ շունչ են տալիս հայկական ավանդական ուտեստներին՝ դրանք վերածելով իսկական գաստրոնոմիական վայելքի՝ նույնիսկ ամենախստապահանջ այցելուների համար։

 

Համատեղե՛ք այս ինքնատիպ ուտեստեղենը հայկական հիանալի գինիների և տեղական «Méthode traditionnelle» փրփրուն գինու հետ, և ճաշակե՛ք տարածաշրջանին հատուկ՝ անկրկնելի փորձառություն, որն անհամեմատ ավելի մատչելի է, քան Եվրոպայի շատ ուղղությունները։

Մեզզեի մշակույթը

«Մեզզե» բառը ծագում է պարսկերենից և նշանակում է «համ», իսկ հայկական խոհանոցը լիովին արդարացնում է այդ իմաստը։ Հայաստանում սնվելը մի իսկական արարողակարգ է, որի հիմքում ընկած է սեղանակցելու և ուտեստը միասին վայելելու գաղափարը։ Գրեթե յուրաքանչյուր հայկական ճաշարանում ձեզ կմատուցեն հագեցած ու բազմազան ուտեստների ափսեներ, որոնք լի են մսային ու բանջարեղենային տեսականիով, տարբեր տեսակի հացերով ու սոուսներով, և որոնք կարող եք կիսել ձեր սեղանակիցների հետ։

01

Գնա՛նք խմելու

Զարմանալի չէ, որ կոկտեյլ-բարերի մշակույթն ու գիշերային կյանքը բավականին զարգացած է Հայաստանում, հատկապես եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ մի քանի հայ «աստղ» բարմեններ հաղթել են «Բարմենների համաշխարհային մրցույթ»-ում, և այժմ քննարկվում է նույնիսկ «Կոկտեյլների համաշխարհային մրցույթ»-ը Հայաստանում անցկացնելու գաղափարը։ Եթե կոկտեյլներն այդքան էլ ձեր ճաշակով չեն, մի՛ անհանգստացեք։ Հայաստանում գործում են նաև տեղական արհեստագործական գարեջրատներ և կոնյակի բարեր, որտեղ կարող եք համտեսել հայկական նրբագեղ ու մրցանակակիր կոնյակներից որևէ մեկը։

02

Փողոցային սնունդ՝ զվարճալի երեկոյի ավարտին

Փողոցային խորովածի տաղավարից թարմ տավարի կամ գառան քյաբաբ վայելելը այն բանն է, որ Հայաստան ճամփորդելիս պարզապես պարտադիր է փորձել։ Իսկ բուսակերների համար հիանալի տարբերակ են թարմ եփած եգիպտացորենի հատիկները։ Քաղաքներում հեշտությամբ կարող եք վերցնել հավի շաուրմա՝ ճանապարհին ուտելու համար, լահմաջո կամ տաք պոնչիկ (կրեմով լցոնված և հաճախ շոկոլադի մեջ թաթախված հայկական կարկանդակ, որը կարելի է համարել Boston Cream-ի հայկական տարբերակը)։ Ուզու՞մ եք նոր բան փորձել։ Գնացի՜նք․․․ կենա՜ց։