logo
image

Things to Do

CULINARY SCENE

Հայկական խոհանոց

Հայկական

Հայաստանը մեկ ափսեի վրա

Հայկական խոհանոցի համառոտ պատմություն

Հայաստանը գտնվում է Մերձավոր Արևելքի, Արևելյան Միջերկրական տարածաշրջանի և Կովկասի խաչմերուկում։ Հայկական խոհանոցը առաջարկում է համերի լայն ու հարուստ բազմազանություն, որը կարելի է զգալ յուրաքանչյուր համի մեջ։ Տարածաշրջանի խոհարարական ընդհանուր համապատկերում հայկական խոհանոցը առանձնանում է իր բնորոշ հատկանիշներով, բացառիկ համերով և անկրկնելի հայկական երանգներով։

Նախնական բաղադրատոմսերը հիմնականում ստեղծված են եղել գյուղացիների ու հովիվների համար՝ համատեղելով սննդարարն ու արագ պատրաստվողը, միևնույն ժամանակ իրենց մեջ ներառելով թարմ բաղադրիչներ ու տեղական վայրի բույսեր։

 

Հազարամյակներ շարունակ հայկական ուտելիքի ավանդույթները ձևավորվել են աշխարհագրական ու կլիմայական պայմանների, տեղական կենսակերպի և լեռնային բուսականության բազմազանության ազդեցությամբ։ Այս բաղադրատոմսերը մինչ օրս օգտագործվում են և հայկական խոհարարության անբաժան մասն են կազմում։ Վերջին տարիներին, սակայն, Հայաստանում նոր թափով են զարգանում հեղինակային և բարձրակարգ խոհարարական մշակույթը, որոնք օրեցօր ավելի մեծ ժողովրդականություն են վայելում։

Ավանդական համեր

Հողում փորված կավե թոնիրը, որը հիշեցնում է հնդկական թանդուրը, հայկական խոհանոցի ամենախորհրդանշական տարրերից է։ Այն օգտագործվում է եփելու, թխելու և ձմռանը տաք պահելու համար։ Հայկական ամենահայտնի ուտեստը թոնիրում թխված լավաշն է՝ մեծ ու բարակ հացի տեսակը։ Լավաշով փաթաթված խորովածը հայկական ամենասիրված ուտեստներից մեկն է, որը համարվում է յուրաքանչյուր տոնակատարության և ընտանեկան հավաքի սեղանի զարդը։

Խորովածը հայկական խորովված մսային ուտեստն է, որը սովորաբար մատուցվում է խորովված բանջարեղենով՝ պղպեղով, լոլիկով և առատ թարմ կանաչիներով։

Տոլման ևս հայկական ավանդական ուտեստ է, որտեղ աղացած միսն ու բրինձը փաթաթվում են խաղողի կամ կաղամբի տերևների մեջ կամ լցվում են օրինակ սմբուկի, պղպեղի և լոլիկի մեջ։ Տոլման ունի նաև բուսական և վեգան տարբերակներ՝ համեմունքներով համադրված եփած լոբիով, սիսեռով, ոսպով կամ բրնձով (պասուց տոլմա)։

Տժվժիկը՝ հորթի լյարդից և սոխից պատրաստվող ուտեստը, և քյուֆթան՝ յուրօրինակ մսային «սուֆլեն», հայկական հին ճաշատեսակներից են, որոնք մինչ օրս պահպանել են իրենց ժողովրդականությունը։ Քյուֆթայի պատրաստման եղանակը տարբեր է ըստ աշխարհագրական տարածքի՝ Էջմիածնի կամ Գավառի տարբերակով, սակայն սովորաբար այն պատրաստվում է փափուկ զանգվածի վերածված տավարի մսից, որը եռացնում են ջրի մեջ և մատուցում հալեցված կարագով։

Միջին Արևելքի հայտնի ուտեստներից է նաև իշլի քյուֆթան, որը պատրաստվում է բլղուրով, աղացած մսով, ընկույզով և համեմունքներով։ Եվ իհարկե, հայկական խոհանոցի տարածաշրջանային ամենասիրված ու յուրահատուկ ուտեստը՝ ղափաման՝ բրնձով, չրերով, մեղրով ու ընկույզով լցոնված դդումը։

Հայաստանի համերը

Տեղական նրբահամ ուտեստները հայկական մշակույթի և կենսակերպի անբաժան մասն են կազմում։

01

Սննդի պահպանում և համեմում

Սնունդը պահպանելու և համեմելու եղանակները հայկական խոհանոցի կարևոր առանձնահատկություններից են։ Այս գործընթացները մինչ օրս համարվում են ընտանեկան ավանդույթ, որը համախմբում է ընտանիքի բոլոր անդամներին։ Տեղացիները պատրաստում են թթուներ բազմազան բանջարեղեններից, խոտաբույսերից և անգամ կենդանական մթերքներից։ Միսը նույնպես պահպանվում և չորացվում է․ ամենահայտնի տեսակներից են բաստուրման (չոր միս) և սուջուխը։ Հայկական տնայնագործական եղանակով պահածոյացված մսի տարբերակը՝ տհալը կամ ղավուրման, պատրաստվում է տավարի կամ ոչխարի մսից (ի տարբերություն ֆրանսիական տարբերակի, որն արվում է խոզի մսով)։ Հայկական խոհանոցը կարող է լինել և՛ կծու, և՛ մեղմ, բայց այն մշտապես առանձնանում է իր համերի ուժեղ և բազմազան գունապնակով՝ ուտեստները առատորեն համեմելով թարմ կանաչիներով։

02

Դանդաղ եփվող ուտեստներ (Հարիսա)

Որոշ հայկական ուտեստներ հեշտ են պատրաստվում, սակայն նրանց եփելու համար երկար ժամանակ է պահանջվում, ինչը հիանալի առիթ է ընտանիքի և ընկերների իրար շուրջ հավաքվելու համար։ Հարիսան դրա լավագույն օրինակներից է, որի տարբերակները հանդիպում են նաև Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում։ Հարիսան շիլայի նման ուտեստ է, որը, հատկապես ձմռանը համարվում է տեղացիների ամենասիրելի ճաշատեսակներից մեկը։ Այն պատրաստվում է դանդաղ եփվող հավի կամ ոչխարի մսով և ձավարով։ Հարավային Հայաստանի տարբերակը՝ Կորկոտը, նույնպես երկար ժամանակ է պահանջում եփվելու համար, սակայն ի տարբերություն հարիսայի, այն պատրաստման ընթացքում երկար հարելու կարիք չունի։

03

Դանդաղ եփվող ուտեստներ (Խաշ)

Տավարի մսով պատրաստվող ուտեստները հիմնականում չեն սահմանափակվում տարվա եղանակներով, սակայն խաշը մեծ բացառություն է։ «Խաշ» բառը նշանակում է «եռացնել, եփել»։ Խաշը հարուստ և խիտ արգանակ է, որը պատրաստվում է դանդաղորեն եփվող կովի սմբակից, ստամոքսից, ոսկրածուծից և երբեմն նույնիսկ գլխից։ Խաշը Հայաստանում հայտնի է որպես «խումհարի բուժիչ»։ Ձմռանը հայկական խոհանոցի իրական համը զգալու համար պարզապես պարտադիր է փորձել խաշ՝ առատ սխտորով, չորացրած և փշրված լավաշով, և իհարկե մեկ գավաթ օղիով, հատկապես եթե ընկերների կամ ընտանիքի հետ վայելում եք այն լեռան լանջին։

04

Հայկական բուսակերական և վեգան ուտեստներ

Բացի մսային ուտեստներից, հայկական խոհանոցը հարուստ է նաև բուսակերական և վեգան տարբերակներով։ Տեղական ավանդական խոհանոցում լայնորեն օգտագործվում են վայրի աճող խոտաբույսեր, ինչպես օրինակ՝ ավելուկը։ Ավելուկը հավաքում են, չորացնում և ձմռանը օգտագործում ապուրների և աղցանների մեջ։ Հարավային Հայաստանի խոհանոցի կարևոր բաղադրիչներից է խոտերով լցոնված բարակ հացը՝ ժինգյալով հացը, որի մեջ ներառվում է մինչև 40 տեսակի խոտաբույսերի խառնուրդ, հիմնականում վայրի, և որը սովորաբար պատրաստվում է գարնանը։

05

Ղափամա

Ղափաման դարավոր պատմություն ունեցող բուսակերական ուտեստ է, որը չրերով, չամիչով և փլավով լցոնված դդումն է։

06

Չրեր

Չրերը հայկական խոհանոցի հիմնական ուտեստների մեջ հաճախ օգտագործվող բաղադրիչներ են, որոնք ուտեստներին հաղորդում են քաղցրաթթու համեր, հատկապես տարվա ցուրտ ամիսներին։ Տեղում աճող բազմատեսակ մրգերն ու հատապտուղները օգտագործվում են թարմ, արևով չորացված, եփած և մշակված տեսքով։

07

Սուջուխ

Քաղցր սուջուխը կամ շարոցը (բառացիորեն «քաղցր երշիկ») հայկական հայտնի քաղցրավենիք է, որը պատրաստվում է ընկույզով և խաղողի կամ այլ քաղցրաթթու մրգերից պատրաստված խտացված օշարակով։

08

Թթու լավաշ

Թթու լավաշը (մրգային լավաշ) արևով չորացված, խտացված մրգահյութից պատրաստված բարակ շերտավոր ուտեստ է։ Եթե այցելեք գյուղմթերքի շուկաներ, անպայման ձեզ կառաջարկեն անվճար համտեսել այս քաղցր ուտեստը։ Հայաստանում գտնվելու ընթացքում թթու լավաշն անկասկած կդառնա ձեր սիրելի խորտիկներից մեկը։

09

Քաղցրավենիքներ

Թարմ մրգերից բացի, հայկական աղանդերների մեջ առանձնահատուկ տեղ են զբաղեցնում թխվածքները, ինչպիսիք են գաթան, քաղցր միջուկով կարկանդակները և փախլավան։ Փախլավան կարող է լինել դասական Միջին Արևելքի տարբերակով՝ բարակ շերտախմորով, որը լցոնվում է մանրացված ընկույզով ու մեղրով, կամ Գավառի տարբերակով՝ ավելի հաստ շերտերով և յուրահատուկ համով։ Հայ կանայք հայտնի են նրանով, որ ցանկացած հյուրասիրության համար պատրաստում են մինչև հինգ տեսակ տարբեր աղանդեր, այնպես որ խնջույքի վերջում անպայման ձեր թեյի հետ վայելելու եք նաև որևէ համով քաղցրավենիք։

Ինչպես լիարժեք բացահայտել հայկական խոհանոցը

Հայերը ամեն առիթ օգտագործում են իրենց խոհարարական ավանդույթները նշելու համար։ Տարբեր ուտեստների փառատոնները լավագույն միջոցներից են հայկական խոհանոցի յուրահատուկ ու հրաշալի համերը բացահայտելու համար։ Օրինակ՝ տոլմայի և խորովածի փառատոնները հիանալի վայրեր են տեղական խոհանոցի գաղտնիքներին ծանոթանալու համար, քանի որ մասնակիցները պատրաստում և ներկայացնում են այս դասական ուտեստների իրենց յուրահատուկ տարբերակները։

Փառատոններից բացի, հայկական խոհանոցին մոտիկից ծանոթանալու բազմաթիվ այլ հնարավորություններ կան։ Հայաստանում զարգանում է ագրոտուրիզմը, և տարբեր վայրերում ստեղծված են «գաստրոհարթակներ» կամ «գաստրո բակեր», որտեղ անցկացվում են հայկական խոհարարության վարպետության դասեր փորձառու շեֆ-խոհարարների միջոցով։

Կարող եք նաև տեղական շուկաներից՝ այդ թվում Երևանի ամենամեծ փակ շուկա՝ Գումից գնել պահածոյացված մսամթերք, համեմունքներ և քաղցրավենիքներ։

Վստահ եղեք՝ Հայաստան ճանապարհորդելու ընթացքում մի քանի կիլոգրամ ավելորդ  քաշ եք հավաքելու։

Drag